ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը՝ ս. թ. օգոստոսի 10–15-ը, Ծաղկաձորում կանցկացնի Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոն, որը կրում է «…Աշունը սրտում...» խորագիրը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 10-ին, ժամը 21:00-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում (գլխավոր հրապարակ), փակման արարողությունը` օգոստոսի 14-ին, ժամը 22:30-ին, նույն վայրում:
Մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին եւ անցկացվում է 2 տարին մեկ անգամ՝ Ծաղկաձորում, բացօթյա բեմահարթակների վրա: 2010 թվականից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին եւ անհատ մնջախաղացներին: 2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաեւ հայաստանյան թատերախմբեր եւ անհատ կատարողներ: Այդ ընթացքում ներկայացումները դիտել է շուրջ 10000 հանդիսատես, տպագիր եւ էլեկտրոնային մամուլներում հրապարակվել են բազմաթիվ հոդվածներ, տարբեր հեռուստաընկերությունների կողմից պատրաստվել եւ ցուցադրվել են բազմաթիվ ռեպորտաժներ:
2014 թվականին՝ միջազգայի 4-րդ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրել են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Թայլանդից, Գերմանիայից՝ անհատ կատարողներ եւ թատերախմբեր: Փառատոնին կմասնակցեն նաեւ հայաստանյան երիտասարդական թատերախմբեր եւ անհատներ ինչպես մնջախաղի, այլ նաեւ կրկեսային, պարային եւ պլաստիկ ժանրերի: Կանցկացվեն վարպետության դասեր պրոֆեսիոնալների եւ հանդիսատեսի համար:
Ս. թ. օգոստոսի 8-ին, «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունում` Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:





























