Ղրղզստան ինչ-որ զորքեր կմտնեն, բայց թե դրանք կլինեն ՀԱՊԿ-ի զորքեր, ռուսական զորքեր, թե ՄԱԿ-ի հովանու ներքո, բայց կրկին ՀԱՊԿ-ի զորքեր` դժվար է ասել: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

«Իմ ունեցած տվյալներով 85 հազար ուզբեկ Ղրղզստանի հարավից փախել է դեպի Ուզբեկստան եւ տեղավորվել Անդիջանում: Քանի որ հիմա արդեն նմանատիպ խնդիրների առաջ են կանգնել նաեւ հնդիկները, պակիստանցիներն ու չինացիները, որոնք նույնպես պետք է լքեն այդ տարածքը, կարծում եմ, որ զորքեր մտցնելու անհրաժեշտություն իսկապես կա»,- ընդգծեց նա ու հավելեց. «Այն ուժերը, որոնք սկսել են այս ամենը, նպատակ ունեն բաժանել Ղրղզստանը եւ հնարավորություն  չտան, որ Ղրղզստանը ապագայում կողմնորոշվի դեպի Ռուսաստան»:

ՆԺԿ նախագահը նշեց, որ իր տեղեկություններով ամերիկացիները պետք է զինվորական բազայի անվան տակ իրենց ուսումնական կենտրոնը տեղակայեին Օշում, որը պետք է ոստիկաններ պատրաստեր Ղրղզստանի համար:

«Տպավորություն ունեմ, որ Բակիեւը մասնակից է այս ամենին: Կարծում եմ, որ մոտակա 1-2 օրվա ընթացքում մենք կլսենք այն քաղաքական գործչի անունը, որը եղել է կազմակերպիչը, որը ձերբակալվել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, բայց անունը դեռ գաղտնի է պահվում»,- ասաց Ա. Կարապետյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան եւս ակտիվություն ցուցաբերի այդ տարածաշրջանում, հատկապես, որ արդեն 2 ինքնաթիռ է տրամադրել իր քաղաքացիներին Ղրղզստանից հեռացնելու համար, ՆԺԿ ղեկավարը պատասխանեց. «Իհարկե, Թուրքիան կարող է ակտիվանալ եւ դա շատ վտանգավոր է: Միշտ պետք է հիշել, որ թուրքերն այսօր նեոօսմաններ են եւ Օսմանյան կայսրության հիշողությունը միշտ ունենալու են: Ռուսաստանը, որը ջատագովն է Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական փոխհարաբերությունների, պետք է հիշի, որ 18-19 դարերին պարբերաբար պատերազմ է մղել Թուրքիայի դեմ»: Իսկ Թուրքիան ունի՞ Ղրղզստանում իրավիճակի վրա ազդելու ռեսուրս, հարցին էլ արձագանքեց. «Ցավոք սրտի Թուրքիան այդ ռեսուրսն ունի: Ես կարծում եմ, որ ինչ-որ պահի ռուսները եւս մեկ անգամ ստիպված են լինելու կանխել նեոօսմանյան նկրտումները: Տա Աստված, որ դա պատերազմով չլինի»: