Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հունիսի 14-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային: Հատուկ զեկուցողը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության կողմից 2006 թվականին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա: Նման հրավեր ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցել են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրները: ԱՊՀ երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել եւ գործում են 39 հատուկ զեկուցողներ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արման Կիրակոսյանը, ներկայացնելով Հայաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, ընդգծել է կառույցի անկախ գործելու կարեւորությունը: Նշվեց, որ Հայաստանում գրանցվել եւ գործում են 3000-ից ավելի հասարակական կազմակերպություններ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ մայիսին Հայաստանի կողմից ներկայացված համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդյունքները: Նշվել է, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու իրավունքների խորհրդի նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից հետո: Ստանձնված պարտավորությունները կներկայացվեն ՀՀ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում: