Ճապոնիայում ուժեղ քամուց եւ հորդառատ անձրեւներից առաջացած «Հալոն» փոթորկի հետեւանքով տուժածների թիվը հասել է 13-ի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ճապոնական «NHK» հեռուստաալիքին:
Վերջին տվյալներով՝ տարհանման մասին նախազգուշացումը հայտարարել են 230 հազար հոգու համար ճապոնական 12 նահանգում, ներառյալ՝ Կյուսյու կղզին, ինչպես նաեւ Կիոտո եւ Օսակա նահանգները: Առանց էլեկտրականության է մնացել բնակելի տների ավելի քան 4.500 բնակիչ: Չեղյալ է հայտարարվել 470 չվերթ, երկրի հարավում դադարեցվել է ծովային հաղորդակցությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը «հատուկ նախազգուշացում է» հայտարարել ճապոնական Հոնսյու կղզու Միե նահանգի համար: «Հատուկ տագնապի» մակարդակը նշանակում է տարերային աղետի մոտեցում, որը մի քանի տասնամյակը մեկ անգամից հաճախ տեղի չի ունենում եւ կարող է զոհերի հանգեցնել:
Այս պահին «Հալոն» փոթորիկը, որը Ճապոնիայում հերթական՝ 11-րդ համարն է ստացել, մոտենում է Սիկոկու կղզուն: Ցիկլոնը շարժվում է հյուսիս-արեւելյան ուղղությամբ, 15 կմ/ժ արագությամբ՝ հանգստյան օրերին անցնելով Ճապոնիայի տարածքի մեծ մասով, իսկ օգոստոսի 11-ին կհասնի հյուսիս-արեւմտյան շրջաններին:





























