NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո» կայքի «Caucasus Report» բլոգում հրապարակված վերլուծաբան Լիզ Ֆուլերի հոդվածը:
Թեեւ Լեռնային Ղարաբաղում վերջին բախումները 20 տարի առաջ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր ամենալուրջն են, շատ հայ փորձագետներ կասկածում են, որ դրանք կվերաճեն համապարփակ պատերազմի: Ադրբեջանն իր զինուժը մեծացնելու եւ հագեցնելու համար օգտագործել է նավթի կասպյան պաշարների եւ բնական գազի շահագործումից ստացված եկամուտները՝ պատերազմ սկսելու եւ Լեռնային Ղարավաղի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու նպատակով, եթե բանակցություններն ի շահ իրենց չավարտվեն:
Ռազմական գործողությունների վերջին սրման վրա՝ առանձին-առանձին կամ զուգակցված, երեք գործոն է ազդել: Առաջինը, ինչպես նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջազգային հանրությունն արդեն բախվել է 2 լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում, որոնք մեծ ուշադրություն են պահանջում: Սա, հավանաբար, խիզախություն է հաղորդում Ադրբեջանին:
Երկրորդը, Ռուսաստանին Ղրիմի բռնակցման արդյունքում, որը, այլոց պատկերացմամբ, Ուկրաինայի ու Մերձբալթյան երկրների համար սպառնալիք է, Արեւմտյան Եվրոպա բնական գազի այլընտրանքային մատակարարումների որումներն ավելի այժմեական են: Ուստի բացառված չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն առաջ է քաշում կամ պատրաստվում է առաջ քաշել այն փաստարկը, որ որպես էներգիայի աղբյուր՝ նրա աճող ռազմավարական կարեւորության լույսի ներքո, վերջինի միջազգային գործընկերները պետք է կա'մ ստիպեն Երեւանին համաձայնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ Բաքվի պայմաններով, կա'մ աչք փակեն, եթե նա տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության նպատակով նոր պատերազմ սկսի:
Երրորդ գործոնը 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւին ներքին զորքերի նախկին հրամանատար Զաքիր Հասանովով փոխարինումն է: Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը այս շաբաթվա սկզբին կարծիք հայտնեց, որ Հասանովը վերջին հարձակումները կարող էր նախաձեռնել երկու նպատակով՝ ռազմական մարտավարության մեջ իր կնիքը դնելու եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, որպեսզի վերջինը խաղաղ բանակցային գործընթացում զիջումների գնա:
Եթե ենթադրենք, որ իրականում Ադրբեջանը պարզապես իր ուժերն է ցույց տալիս՝ վախեցնելու նպատակով, եւ չի պատրաստվում խոշոր հարձակման, ապա սա կարող էր ձեռնտու լինել Մոսկվային, եթե Պուտինը, ինչպես շատ հայեր կասկածում են, մտադիր է օգտվել լարվածության սրացումից, որպեսզի հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայում «առաջարկի»:




























