«Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի աշխատակիցներն ամսվա ընթացքում 45 օր են աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մասիս Տոբակո»-ի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ աշխատավայրում խնդիրներ չունենալու համար։
«Ասենք՝ երեկոյան ժամը 20։00-ից աշխատում ենք մինչեւ առավոտը ժամը 8։00-ը, գալիս ենք տուն, ասում են՝ հանգստացեք, որ ցերեկը ժամը 14։00-ին նորից գործի գաք։ Ստացվում է՝ մի ամսվա ընթացքում 45 աշխատանքային օր ենք աշխատում»,-դժգոհեց աշխատակիցը՝ նշելով, որ հանգստյան օր ընդհանրապես չունեն, աշխատում են նաեւ ոչ աշխատանքային օրերին։
Նրա խոսքով՝ աշխատակիցները չեն բողոքում, քանի որ հաջորդ օրն իսկ իրենց աշխատանքից կազատեն։
«Բոլորը տոկոսի, վարկերի տակ են, վախենում են՝ եղած աշխատանքն էլ կորցնեն, ինչո՞վ ապրեն մարդիկ։ Եթե մի օր էլ հանկարծ բացակայեն, 5000 դրամ աշխատավարձից կպահեն, էլ չասեմ, որ կնունք, հարսանիք, թաղում, նման բաներ չկան, ոչ ոք չի կարող մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ արտաժամյա աշխատանքի դիմաց ընկերության տնօրինությունը, իհարկե, չի վճարում:
Նշենք, որ ընկերության աշխատակիցներն արդեն 6 ամիս բողոքում են այս իրավիճակի դեմ, սակայն «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի մամուլի խոսնակ Վահրամ Բրուտյանը հերքում է այս տեղեկատվությունը:




























