Թուրքիայում այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի են ունենում նախագահական ընտրություններ:

Թուրքիայի տարածքում նախագահական ընտրությունները մեկնարկում են առավոտյան 08:00-ին եւ ավարտվում 17:00:  Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 52 մլն 895 հազար քաղաքացի, ովքեր իրենց ընտրությունը կարող են կատարել 165 հազար 108 ընտրատեղամասերում:

Թուրքիայում լրատվամիջոցներով ընտրական թեմաներով արգելքը սկսվել է օգոստոսի 9-ից եւ տեւելու է մինչեւ օգոստոսի 10-ը, երեկոյան 18:00: Սակայն 18:00-ից մինչեւ 21:00 ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցները իրավունք չունեն բացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տվյալներից բացի այլ բան հրապարակել ընտրությունների թեմայով:

Ընտրությունների օրը ամբողջ Թուրքիայում արգելված է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը: Փակ են լինելու զվարճանքի բոլոր տեսակի վայրերը, սրճարանները, տպարանները, ինտերնետ ակումբները:

Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը: Մինչ այս նախագահն ընտրվում էր խորհրդարան անցած պատգամավորներից՝ խորհրդարանի կողմից:

Թուրքիայի նախագահի աթոռի համար պայքարելու են երեք թեկնածու՝ իշխող կուսակցության կողմից առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության կողմից առաջադրված Էքմելեդին Իհսանօղլուն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթին Դեմիրթաշը: Վերջին թեկնածուն ազգությամ քուրդ-զազա է, ով ընդունում է Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական իշխանություններին կոչ է արել առեւերսվել պատմության հետ:

Ընտրությունների ժամանակ, եթե թեկնածուներից մեկը հավաքի 50 տոկոսից ավելին, կհամարվի հաղթած, այլ պարագայում տեղի է ունենալու երկրորդ փուլ, որի ժամանակ կպայքարեն ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Վերլուծաբանները Էրդողանի համար կանխատեսում են 48-ից մինչեւ 57, Իհսանօղլուի համար՝ 28-ից 35 , Դեմիրթաշի համար՝8-ից 14 տոկոս: