Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպումն անպայման դրական արդյունքներ կտա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Պատգամավորի խոսքով, պետությունների ղեկավարների՝ նախանշված եւ արդեն անցկացված հանդիպումները կնպաստեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակի սրման մեղմացմանը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին դիվերսիոն ներթափանցման փորձերին եւ գնդակոծություններին՝ Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ այդ ագրեսիվ գործողությունները ոչ մի կերպ չեն կարող ճնշում գործադրել Հայաստանի նախագահի վրա: «Ընդհակառակը, այդ ամենը մեր նախագահին հնարավորություն կընձեռեն հանդիպման ընթացքում ավելի կոշտ գնահատականներով հանդես գալ ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու առնչությամբ»,- ամփոփեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օգոստոսի 10-ին Սոչիում չի բացառվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:





























