Իրանում Հայաստանի դեսպանության նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թեհրանի մայրաքաղաքի «Մեհրաբադ» օդանավակայանի շրջանում վթարի էր ենթարկվել «Iran-141» ինքնաթիռը: Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամեդ Իլհանիի տեղեկությունների համաձայն՝ օդանավում գտնվել է 40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ:

Վերջին տվյալների համաձայն՝ վթարի վայրում 10 զոհի մարմին է հայտնաբերվել:

Ինքնաթիռն ընկել է խիտ բնակեցված շրջանում: Իրանական փրկարար կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ մոտ 40 մարդ, զոհվել են: