Եվրամիության ԱԳ նախարարները հունիսի 14-ին Լյուսքեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հատուկ փաստաթուղթ են ընդունել Հարավային Կովկասի 3 երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ընդգծել են տարածաշրջանի հետ կապերը ամրապնդելու եւ սերտացնելու` Բրյուսելի պատրաստակամությունը:
«ԵՄ-ն սպասում է Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ընկերակցային համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններին, որոնք պետք է մեկնարկեն արդեն մեկ ամիս անց՝ այս տարվա հուլիսին», - փաստել են կառույցի 27 անդամ երկրների ԱԳ նախարարներն ու ընդգծել, որ այդ համաձայնագրերը «հնարավորություն կտան ամրապնդել քաղաքական կապերը, ինչպես նաեւ` ապահովել տարածաշրջանի երկրների ինտեգրումը եվրոպական շուկաներ՝ ստեղծելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիներ»: Միաժամանակ, ԵՄ խորհուրդը հերթական անգամ ընդգծել է, որ հարաբերությունների այդ՝ առավել սերտ աստիճանին հասնելու համար հարավկովկասյան երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն «ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու լավ կառավարման ոլորտներում»:
Փաստաթղթում ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն հրաժարվում Հարավային Կովկասի քաղաքացիների համար Եվրոպա մուտք գործելու պայմանները դյուրացնելու խոստումից։ «ԵՄ-ն մնում է պատրաստակամ անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ Հարավային Կովկասի եւ արեւելյան մյուս գործընկեր երկրների հետ համաձայնագրեր կնքելու հարցում», -ասված է փաստաթղթում: «Երբ այս համաձայնագրերը ստորագրվեն եւ հաջողությամբ կյանքի կոչվեն, Եվրամիությունը, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, պատրաստ է նաեւ աստիճանաբար քայլեր ձեռնարկել վիզաները վերացնելու եւ անվտանգ ու վերակսհելի տեղաշարժ ապահովելու ուղղությամբ»:
Փաստաթղթում ԵՄ ԱԳ նախարարները նաեւ անդրադարձել են տարածաշրջանում առկա սառեցված հակամարտություններին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն խոչընդոտում են այս երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումը, այլեւ` տարածաշրջանային համագործակցությունն ու եվրոպական մայրցամաքի կայունությունը. «Այս համատեքստում Եվրամիության նախարարների խորհուրդը վերահաստատում է այդ հակամարտությունների խաղաղ եւ երկարատեւ կարգավորմանը աջակցելու իր պատրաստակամությունը եւ կոչ է անում բոլոր կողմերին ամբողջովին հավատարիմ մնալ այս գործընթացին»,- ասված է նրանց փաստաթղթում: Հաղորդում է «Ազատությունը»:
Նկատենք, սակայն, որ օրերս ԵՄ ԱԳ նախարար Քեթրին Էշթոնն առաջարկել էր վերացնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը, ինչը դիտարկվեց որպես Կովկասի հանդեպ ԵՄ հետաքրքրության նվազում:




























