Ղազախստանը համաձայնել է 100 մլն դոլար հատկացնել Ղրղըզստանին Մաքսային միությանը միանալու համար Ճանապարհային քարտեզի իրացման նպատակով: Գումարը կուղղորդվի հանրապետության գյուղատնտեսության եւ անասնաբուժության զարգացմանը: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Դանիլ Իբրաեւը:

Այդ գումարով Ղրղըզստանը պետք է գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման լաբորատորիաներ ստեղծի, ինչպես նաեւ կատարելագործի ՄՄ երկրներ արտահանման ենթակա արտադրանքի սերտիֆիկացման բազան, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Մաքսային միությանը միանալուց առաջ Ղրղըզստանը պետք է 102 նորմատիվ-իրավական ակտ օպտիմալացնի: Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ արդեն այս տարվա աշնանը բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն:

Ներկայումս Ղրղըզստանը, չի կարող Մաքսային միության երկրներ մսային արտադրանք արտահանել, ինչը կապված է 2005թ. Ղազախստանի կողմից մտցված արգելքի հետ: Մաքսային միության երկրներին կաթնամթերք կարող են վաճառել միայն մի քանի ղրղզական ձեռնարկություններ:

Ինչպես հաղորդվել է, Ղրղըզստանը ակնկալում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը 2014թ. վերջին: