Եթե իշխանությունը շարունակի այս լարված իրավիճակում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մարզային քննարկումներ անցկացնել, ապա դա ծիծաղելի, վտանգավոր ու հակապետական կլինի. ընդդիմությունը կոշտ դիմադրություն ցույց կտա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Գնալ եւ իմիտացիա անել, թե մարզային քննարկումներ են անցկացնում եւ ասել՝մենք գնում ենք սահմանադրություն փոխելու, կառավարման համակարգ փոխելու, այս պարագայում ընդդիմությունը պետք է շատ կոշտ դիմադրություն ցույց տա: Ո՞ւմ հետ են քննարկում մարզերում, այս տղաների՞, որոնք զոհվում են կամ որոնք սահմանում կանգած են, թե սոցիալական հոգսի տակ կքած գյուղացու, ով չգիտի, ինչպես աճեցնի, հետո ինչպես աճեցրածը իրացնի: Նրա հետ է՞ քննարկում»,-ասաց նա:

Ստեփան Մարգարյանի խոսքով՝ սահմադրական փոփոխությունների մասին խոսելը «ծիծաղելի է»:

«Այս օրվա սահմանադրության քննարկումները մեր մարզերում, նշանակում է՝ գյուղացին եկավ գերանդին դրեց գետնին ու սկսեց լսել Գագիկ Հարությունյանին՝թե ինչքան լավ է խորհրադարանական ձեւը կամ  ինչքան վատ է նախագահական ձեւը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է ընդդիմությունը կոշտ դիմադրություն ցույց տալու, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք էլ կգնանք քննարկման, կհարցնենք՝ արդյո՞ք ձեզ պակասում է սահմանդրությունը, արդյո՞ք ձեր երեխաներին հաց տալու համար, սահմանադրական փոփոխություն է պետք: Սահմանադրական փոփոխությունն է՞ կարեւոր, երբ դուք երեկոյան տուն եք գնում կամ չեք ուզում գնալ, որովհետեւ քո երեխային չես կարող  հաց տալ»,- ասաց նա եւ հայտարարեց.«Դրա համար ասում եմ, որ մենք սկսելու ենք հանդիպումներ, եթե գյուղացիները դեմ լինել այդ փոփոխություններին, ապա մենք կառաջարկենք, որ իրենց իրավունքները օգտագործեն  եւ թույլ չտան, որ դա տեղի ունենա»: