Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիի եռակողմ հանդիպումը զգալի սրբագրումների ենթարկեց ադրբեջանական միլիտարիստական ամբարտավանությունը: Այս մասին օգոստոսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա՝ փաստացի Սոչիում Ադրբեջանի նախագահը կողմ արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, թեեւ դրան նախորդել էին միլիտարիստական հայտարարությունները եւ բնավ ոչ խաղաղ քայլերը:
Ըստ Բեքարյանի` Ալիեւը Սոչիում փորձեց «փրկել Ադրբեջանի դեմքը»` վերջին իրադարձություններից հետո: «Այնուամենայնիվ, հայկական կողմը պետք է ավելի քան երբեւէ զգուշություն եւ զգոնություն ցուցաբերի, քանի որ Ալիեւը բազմիցս խախտել է իր խոստումները: Հնարավոր է՝ որոշ իմաստով Սոչիի հանդիպումը կթուլացնի լարվածությունը, սակայն, դա չի նշանակում, որ Ադրբեջանն այլեւս չի դիմի սադրանքների»: Բեքարյանը նաեւ նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ բանակցությունների սեղանին գտնվում է նաեւ Կազանի փաստաթուղթը:




























