Աշնանը՝ ոռոգման տարեշրջանի ավարտից հետո, նախատեսվում է Սեւանա լճում ջրի մակարդակի վերականգնում: Այս մասին օգոստոսի 11-ին՝ պաշտոնավարման 100 օրվա լրանալու կապակցությամբ Խոսրովի արգելոցում կազմակերպված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Ջրի նվազեցման պատճառներից մեկը, ըստ նախարարի, չորային տարին է եւ ոռոգման նպատակներով ջրառի ավելացումը:

2013 թ. օգոստոսի համեմատությամբ` լճում ջրի մակարդակը նվազել է 9 սմ-ով:  Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին, Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանի հայտարարության համաձայն, Սեւանում ջրի մակարդակը  1900 մ 48 սմ էր:

Բնապահպանության նախարարը հիշեցրել է, որ մինչեւ 2030 թ. Սեւանի ջրի մակարդակը պետք է հասցնել 1903,5 մ-ի: «Ցավոք,  չորային տարեշրջանի պատճառով խորհրդարանն ստիպված էր հաստատել օրենքի փոփոխությունները, ըստ որոնց` 2014 թ. Սեւանից առավելագույն ջրառը ավելացվել էր մինչեւ 270 միլիոն խմ-ի», - նշել է նա: Ներկայումս այդ  ծավալից արդեն  օգտագործվել է մոտավորապես 130 միլիոն խմ-ն: «Սակայն հուսով եմ, որ երբ ոռոգման տարեշրջանն ավարտվի, մենք արագ կհամալրենք, եւ  մակարդակի բարձրացումը կշարունակվի: Ընդհանուր առմամբ, մենք արդեն 1 մետրով գերազանցում ենք լճի ջրի մակարդակը բարձրացնելու գրաֆիկը», - վստահեցրել է նախարարը:

Նշենք, որ ջրառի ավելացման վերաբերյալ որոշումը կայացվել էր հունիսի վերջին` շտապ ընթացակարգով եւ առանց փորձագետների ու ՀԿ-ների հետ խորհրդակցության: