Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող հայկական «Ռուսալ Արմենալ» գործարանի մայր ընկերություն հանդիսացող «ՕԿ Ռուսալ» ԲԲԸ-ն վաճառում է ոչ պրոֆիլային ակտիվները Նիգերիայում եւ Ղազախստանում: «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ, ընկերությունը ծրագրում է վաճառել ալյումինի նիգերիական «Alscon» գործարանը եւ ղազախական «Բոգատիր Կոմիր» գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը, որն ածուխ է արդյունահանում: Այս վաճառքի արժեքը կարող է կազմել շուրջ 1 մլրդ դոլար:
Ըստ «ՌԲԿ»-ի, «Ռուսալ» ԲԲԸ-ն ամենավարկավորված ռուսական ընկերություններից է մետալուրգիայի ոլորտում՝ տարվա վերջին ավելի քան 10 մլրդ մաքուր պարտքով:
«Ռուսալի» ներկայացուցիչը «Վեդոմոստի»-ին հայտնել է, որ «ընկերությունն ուսումնասիրում է տարբերակներ, որոնք կապված են ոչ պրոֆիլային ակտիվների զարգացման հետ, սակայն հստակ որոշում դեռեւս չի կայացրել»:
NEWS.am-ի տեղեկություններով՝ «Ռուսալի» ներկայացուցիչն «Արմենալ»-ի ակտիվների հերթական գնահատում է անցկացրել: Սակայն գործարանի վաճառքի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն, «Սայանալի» եւ «Ուրալյան փայլաթիթեղի» հետ միասին «ՕԿ Ռուսալ» ԲԲԸ-ի փայլաթիթեղների երեք գործարաններից մեկն է: Եվս մեկ ձեռնարկություն՝ «Սայանի փայլաթիթեղը», կենցաղային փայլաթիթեղը փաթաթում եւ վաճառում է ներքին շուկայում:




























