Սահմանին օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակոցներ չեն հնչել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սահմանին լարվածությունը թուլացել է, հանգիստ է, հանդարտվել է ամեն ինչ: Կարելի է ասել, որ կրակոցներ էլ չեն հնչել այս գիշեր»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հանգիստ է եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին:

Նշենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ 3 նախագահներն էլ փաստեցին, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով: Սպասվում էր, որ լարվածությունը սահմանին կթուլանա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: