Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչներին խոստացած շենքի շինարարությունը դադարեցված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսու նախկին բնակիչ Արմինե Ղուկասյանը:
«10 բանվոր տարել, գցել են էդ փոսի մեջ, իբր թե շինարարություն է գնում, բայց ոչ մի շինարարություն էլ չկա: Մեր տների վարձերն էլ կառուցապատող ընկերությունը ժամանակին տալիս է, մարդկանց բերանը փակում է, ժողովուրդն էլ չի բողոքում»,-ասաց նա:
Արմինե Ղուկասյանի խոսքով՝ բնակիչներին խոստացված մեկ շենքի շինարարությունն արդեն ավարտված է, բայց բնակիչներին դեռ չեն հանձնում. «3 ամիս է մեզ խոստանում են, որ մի հատ ավարտին հասցրած շենք կա, որ պետք է հանձնեն, բայց չեն հանձնում ու նույնիսկ խոսակցություններ կան, որ այդ շենքն ինչ-որ բանկում գրավադրված է»:
Ֆիրդուսի նախկին բնակիչը նշեց, որ այս տարի իրենք՝Ֆիրդուսի բնակիչներով, երկու անգամ հանդիպել են վարաչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչինչ չի փոխվել:
«Առաջին հանդիպմանը վարչապետը խոստացավ ծանոթանալ հարցին եւ բնակիչներին պատասխան տալ: Երկրորդ հանդիպմանը մասնակցում էր նաեւ շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ի ղեկավարությունը, այդ ժամանակ մեզ ժամկետներ ասացին, եւ ըստ այդ ժամկետների այդ շենքը պետք է 1 ամիս առաջ մեզ հանձնվեր, իսկ Ֆիրդուսու շենքը մինչեւ 2016 թ պետք է պատրաստ լիներ, բայց էս տեմպերով որ գնա, 10 տարի կտեւի շինարարությունը»,-ասաց Արմինե Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված է վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով։





























