Իրաքում արդեն 40 եզդի երեխա է զոհվել: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Եզդիների միության փոխնախագահ Խդըր Աջոյանը՝ վկայակոչելով UNICEF-ի տվյալներին:

Նրա խոսքով՝ եզդիների կազմակերպություններից մեկի նամակը հասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: «Օգոստոսի 7-ի իր պատասխանում քարտուղարը խորին անհանգստություն է հայտնել «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդի ժողովրդի նկատամամբ գործողությունների կապակցությամբ: Նա նաեւ ողջունել է նրանց տրամադրվող հումանիտար օգնությունը», - նշել է Աջոյանը:

Փոխնախագահն ընդգծեց, որ եզդիների համար ներկայումս ամենակարեւորը սպառազինությամբ ապահովումն է, որպեսզի ահաբեկչական խմբավորումները դուրս շպրտվեն իրենց տարածքներից: Հայաստանի Եզդիների միության փոխնախագահը նաեւ հավելեց, որ նրանց սատարել են նաեւ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, օգնություն ցուցաբերելու ցանկություն է  հայտնել նաեւ Նորվեգիան, իսկ ամենամեծ օգնությունը տրամադրել է ԱՄՆ-ը: