Հայաստանում հայտնվել են հնդկական էժան, բայց ոչ այնքան որակով դեղեր: Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Ըստ նրա՝ խիստ սխալ է պնդել թե հնդկական բոլոր դեղերն անորակ են: «Հնդկաստանում շատ տարբեր արտադրողներ կան՝ կասկածելիներից մինչեւ համաշխարհային ճանաչում ունեցողներ: Այդ պատճառով ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պետք է հետեւի, թե ինչ դեղեր են գալիս եւ լաբորատոր վերլուծության միջոցով ստուգի դրանց որակն ու անվտանգությունը», - ընդգծել է Սամվել Զաքարյանը:
Ըստ նրա՝ ակտիվ նյութի անալիզը բավարար չէ, անհրաժեշտ է կենսահամատեղելիության ստուգում իրականացնել: «Բացի ակտիվ նյութից, մյուս քիմիական տարրերը կարող են այնքան էլ բարձր մակարդակ չունենալ: Պարզ ասած՝ թույլ սեգմենտներով դեղը ստիպված խմում են երկու-երեք դեղահաբով՝ մեկի փոխարեն: Նման դեղորայքի մասին էլ մենք անհանգստանում ենք: Իսկ դրանք հաղթում են պետգնումներում՝ էժանության շնորհիվ», - ասել է Զաքարյանը:
Նշենք, որ Հնդկաստանից Հայաստան դեղորայքի ներմուծումը ավանդաբար քիչ է եղել. 2013 թ. այն կազմել էր 3,6 միլիոն դոլար կամ ընդհանուր ներմուծման 3,3%-ը:



























