Հայաստանի կառավարությունը դեղագործներին նոր ծախսերի առաջ է կանգնեցնում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ մեկնաբանելով հունիսին խորհրդարանի կողմից ընդունված եւ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում տեղ գտած փոփոխությունները: Փոփոխությունները վերաբերում են շրջանառության հաշվառման համար դեղերի տուփերի վրա հսկիչ դրոշմակնիքներին:
Զաքարյանը հստակեցրեց, որ բարդությունը դեղերի մեծ տեսականու եւ ամենատարբեր տեսակի ու չափերի տուփերի մեջ է: Դա վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ ներմուծվող դեղերին:
«Հազարավոր դեղեր կան եւ բոլորի տուփերը տարբեր ձեւի եւ հաստության են: Մեքենայական դրոշմակնքումը այստեղ չի օգնի: Իսկ դա նշանակում է, որ պետք է պահեստում ձեռքով բացել, դրոշմել եւ կրկին փակել: Եւ հենց սրանք նոր ծախսեր են», - պարզաբանեց Զաքարյանը: Նրա խոսքով՝ եթե օրենքի նպատակը օրինական շրջանառությանը հետեւելն է, ապա դրան ավելի հեշտ կարելի է հասնել: «Տեղական դեղերի մասով մաքսային ծառայությունը, այսպես թե այնպես, գիտի՝ որքա՞ն հումք է ներկրվում Հայաստան: Իմանալով տեխնիկական կանոնների մասին (իսկ պետությունը դրանք էլ գիտի) կարելի է հեշտությամբ հաշվարկել յուրաքանչյուր գործարանի արտադրության ծավալը», - նշեց Զաքարյանը:




























