Հայաստանը կփորձի միաժամանակ ամրապնդվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուկաներում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նա նշել է, որ Հայաստանում դեղագործական ոլորտը վերջին 6-7 տարվա ընթացքում  տարեկան աճել է 15-17%-ով: Դրա հետ միասին աճել է նաեւ արտահանումը: Սակայն այս տարի, հավանաբար, արտահանումը այդ նույն մակարդակում կմնա կամ մի փոքր կկրճատվի:

Դրանում որոշակի դեր է կատարում նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը: «Մեր արտադրողները հնարավորություն ունեն ընդլայնել այդ երկու երկրների ներկայությունը, սակայն, հավանաբար, մեկ տարի անց: Իսկ կարճաժամկետում իրավիճակը բարդացնում է արտահանումը», - նշել է Զաքարյանը:

Նկատենք, որ 2013թ. Հայաստանից կշռաչափով ծրարված դեղորայքի արտահանումը կազմել է 6,55 մլն դոլար կամ մոտավորապես 11%-ով ավելի, քան 2012թ.: Հիմնական գնորդները, նախկինի պես, Ռուսաստանը եւ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններն են. Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Մոլդովան եւ Վրաստանը: