Վրաստանից Հայաստան շարունակվում է դեղորայքի ապօրինի ներմուծումը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ Վրաստանում դեղային հումքի ներմուծման վրա ԱԱՀ չի կիրառվում: «Արդյունքում դեղերն այնտեղ 20%-ով ավելի էժան են եւ դրանք սկսում են Հայաստան ներմուծել բառացիորեն պայուսակների մեջ», - նշեց Զաքարյանը:

Երեւանյան դեղատներում, նման դեղորայքը, որպես կանոն, չի հայտնվում՝ վերահսկողությունը ավելի խիստ է: Սակայն դրանք կարելի է հանդիպել գյուղերում, որտեղ համագյուղացիներին հայտնի «մաքոքը» կարող է իրացնել ապրանքը:

Նման առեւտրականներին մերկացնելը մաքսայինում ավելի բարդ է, քանի որ խմբաքանակները շատ քիչ են՝ 10-20 տուփերից ոչ ավելի: Հետեւապես, դժվար է ապացուցել, որ ներմուծումը առեւտրի նպատակ է հետապնդում: «Միշտ էլ կարելի է վերապահություն անել, որ դրանք գնված են հիվանդ հարազատների համար»:

Այստեղ, տեղին է հիշեցնել, որ դեղային հումքի վրա ԱԱՀ-ը Հայաստանում նույնպես չէր գործում մինչեւ 2002թ.: ԱԱՀ-ը ներմուծելուց հետո վստահեցնում էին հատուկ հիմնադրամի ստեղծման մասին, որտեղ կփոխանցվեն այդ գումաները դեղորայքի դոտացիայի եւ անապահով շերտերի համար բժշկական ծառայությունների համար: «Սակայն անցան տարիներ, եւ այդ հիմնադրամը մինչեւ օրս գոյություն չունի», - եզրափակեց Զաքարյանը: