Թուրքիայի արտգործնախարարն ու Պաղեստինի ինքնավարության ղեկավարը հայտարարել են, թե  Իսրայելը չի կարող անկողմնակալ հետաքննություն անցկացնել «Ազատության նավատորմի» միջադեպի գործով:

«Մենք չենք հավատում, որ Իսրայելը, որ նման հարձակում է կատարել խաղաղ նավերի վրա միջազգային չեզոք ջրերում, անկողմնակալ հետաքննություն կանցկացնի: Ոչ մի իրավական նորմ թույլ չի տալիս, որ կասկածյալը միաժամանակ մեղադրող եւ դատավոր լինի»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է BBC-ն:

Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե Իսրայելի որոշումը չի համապատասխանում նրան, ինչ պահանջում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: «Իսրայելը պետք է հանի շրջափակումը: Դա մեր սկզբունքային եւ մշտական պահանջն է»,- ասել է Աբբասը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր «Ազատության նավատորմի» միջադեպի հետաքննության անկախ հանձնաժողովի ստեղծման մասին: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են երկու օտարերկրյա փորձագետներ: