Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատանը մեղադրել է «սուտ եւ թշնամություն հրահրելու մեջ» այն բանից հետո, երբ Մոսկվան սկուտների սպորտային «Էռնա» արշավն անվանել է նացիզմի փառաբանում:
Անցած շաբաթվա վերջին սկաուտների էստոնական միությունը Խարյումայում եւ Յարվամայում կազմակերպել էր այսպես կոչված տուրիստական «արշավ Էռնա», որին մասնակցել են մոտ 200 սկաուտներ եւ տուրիզմի սիրահարներ, հաղորդում է Postimees-ը:
«Էստոնիայում հիտլերյան «Էռնա» դիվերսանտների հետեւորդների թվով 15-րդ ռազմական-սպորտային հավաքն է անցկացվել... Նման հավաքույթներ կազմակերպելով՝ Էստոնիայի իշխանական կառույցները երիտասարդության աչքերին իդեալականացնում են ֆաշիստական դահիճներին եւ նացիստական հանցագործություններ իրականացնողներին», - ասվում է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:
Իր հերթին, Էստոնիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկիրը «դատապարտել եւ դատապարտում է մարդկության դեմ բոլոր հանցագործություններն ու բռնատիրական ռեժիմները», ինչպես նաեւ կոչ արել Ռուսաստանի դեսպանատանը «դադարել կեղծիք տարածել եւ հարգել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվածների հիշատակը»:
Հիշեցնենք, որ «Էռնա» հետախուզական-դիվերսիոն խումբը ստեղծվել էր Ֆինլանդիայում եւ բաղկացած էր հիտլերյան Գերմանիայի ռազմական հետախուզության էստոնացի կամավորներից: 1941թ. խումբը Ֆինլանդիայից Էստոնիայի տարածք դեսանտ էր իջել, Կարմիր բանակի թիկունքին:




























