ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանգստության կոչ է արել Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի բնակիչներին, որտեղ երկրորդ օրն է շարունակվում են բախումները այն բանից հետո, երբ ոստիկանները սպանել էին սեւամորթ դեռահասին:
Օբաման պատանու մահը անվանել է «վշտալի» եւ հայտնել, որ իրավապահներն արդեն հետաքննում են կատարվածը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն աշխատում է քաղաքի իշխանությունների հետ:
Նյույորքցի իրավապաշտպան Էլ Շերփթոնը նույնպես խաղաղ ցույցերի կոչ է արել: Միաժամանակ նա քննադատել է քննության թափանցիկ չլինելը:
Նա հավելել է, որ տեղի բնակիչները կընդունեն միայն անաչառ հետաքննությունը:
Նախօրեին ոստիկանությունը Ֆերգյուսոնի ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էր կիրառել: Բախումների մասնակիցները քարեր էին նետել ոստիկանների վրա եւ կրակել: Քաղաքում նաեւ կոտրել էին մեքենաների ապակիներն ու խանութների ցուցափեղկերը:
Մայքլ Բրաունին Սենտ Լուիսի ոստիկանները կրակել էին օգոստոսի 9-ին՝ ոստիկանական մեքենայում ծավալված պայքարի ընթացքում: ՀԴԲ-ն հետաքննում է մարդու իրավունքների հնարավոր խախտումները:





























