«Ֆիրդուսի նախկին բնակիչ» ներկայացած Արմինե Ղուկասյանը ոչ մի վայրկյան առանց փոխհատուցման չի մնացել, անմիջապես ստացել եւ տեղափոխվել է պատրաստի բնակարան քաղաքի կենտրոնում: NEWS.am-ի հրապարակված «10 բանվոր տարել, գցել են էդ փոսի մեջ, իբր թե կառուցում են. Ֆիրդուսու բնակիչ» հոդվածին պարզաբանում են ուղարկել «Գլենդել Հիլզ» եւ «Սիթի Սենթ Դիվելոփմենթ» ընկերությունները:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. ««Ֆիրդուսի նախկին բնակիչ» ներկայացած Արմինե Ղուկասյանը, համաձայն փաստաթղթերի եւ պայմանագրի, իրականում ոչ թե Ֆիրդուսի, այլեւ Բուզանդի փողոցի բնակիչ է (անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել փաստաթղթեր եւ կոնկրետ հասցեն): Իրացման պայմանագիր կնքելով՝ նա ոչ մի վայրկյան առանց փոխհատուցման չի մնացել, անմիջապես ստացել եւ տեղափոխվել է պատրաստի, հարդարված բնակարան քաղաքի կենտրոնում: Եվս 2 բնակարան կստանա «33-րդ» թաղամասում կառուցվող շենքերից մեկում, որի շինարարությունն ընթանում է:

Ինչ վերաբերում է Վարչապետի մոտ հանդիպումներին, ապա դրանց ժամանակ կոնկրետ լուծումներ են տրվում կոնկրետ բնակիչների խնդիրներին, որոնց մասին մյուսները եւս տեղեկացվում են: Այն շահառուները, որոնք դեռեւս բնակարաններ չեն ստացել, կանոնավոր կերպով ստանում են բնակության վարձավճարները: 

Ներկայում թաղամասի շինարարությունն ընթանում է, եւ հետեւաբար՝ տվյալ շահառուի բարձրացրած հարցն այս փուլում անտեղի է»:

Նշենք, որ Արմինե Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչներին խոստացած շենքի շինարարությունը դադարեցված է:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում բնակարաններ տրամադրել բնակիչներին։ Կառուցապատող «City Center Development» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված է վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով։