Նախորդ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո գործով ամբաստանյալ անչափահաս Շահեն Հարությունյանին բերման ենթարկելիս՝ ոստիկանները նրան հավաստիացրել են, որ իր հայրը մահացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց Շահեն Հարությունյանը։
«Ինձ հավատացնում էին, որ հայրս ու մտերիմներս մահացել են, մի քանի հոգի վերականդանացման բաժնում են: Իրար մեջ այնպես էին խոսում, որ ես զգամ այդ ամենը։ Էնպես հավատացրին, որ ես էլ հավատացի, որ հայրս մահացել է»,- ասաց նա:
Շահեն Հարությունյանի խոսքով՝ նա հարվածել է ոստիկանին, քանի որ ցանկացել է պաշտպանել հորը. «Դեպքի օրը պայթյուններ եմ լսել, շատ բան չեմ հիշում։ Տեսել եմ, որ հորս խփում են, ես էլ եմ խփել ոստիկանին, որովհետեւ հորս ու իրա ընկերների նկատմամբ բռնության էին կիրառում, մի քանի հոգով գցել էին ու ոտքերով խփում էին։ Մի ոստիկան էլ վազելով հետեւիցս ընկավ, սկսեցին ինձ էլ հարվածել։ Երթի սկզբում հորս կողքին էի, միանշանական խաղաղ երթ էր, հիշում եմ, որ սադրիչներին պետք է հեռու պահել»։
Ամբաստանյալը հիշեց նաեւ, թե ինչ է հայրը իր հետ խոսել երթից օրեր առաջ, նրան խորհուրդ է տվել կամ չապրել, կամ պայքարել արժանապատիվ կյանքի համար։ «Հայրս ասաց՝ համաձա՞յն ես՝ իրար հետ փաթաթված մեռնենք, ես էլ դրանից չվախեցա»,- ավելացրեց նա:
Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանում կան աննախադեպ տվով ոստիկաններ:





























