Մեծ Բրիտանիան ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ թույլ չի տա, օգոստոսի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում բռնությունների ավելացումը: 

Ըստ նրա՝ դա բացատրվում է նրանով, որ Լոնդոնը, ի դեմս «British Petroleum» խոշոր նավթագազային ընկերության,  Ադրբեջանը դիտարկում է որպես նավթագազային հանքավայր, եւ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումն առաջին հերթին կհարվածի Միացյալ Թագավորության ֆինանսական շահերին: 

 «Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիան, որը սովորաբար նախընտրում է ստվերում մնալ եւ գործել ուրիշի ձեռքերով, այս անգամ պաշտոնական հայտարարությամբ է  հանդես եկել՝ կողմերին կոչ անելով թուլացնել լարվածությունը», - նշել է Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի գոտում  լարվածության կապակցությամբ եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել  լարվածությունը թուլացնելու եւ 1994 թ. հրադադարի   վերաբերյալ համաձայնագրին հետեւելու ուղղությամբ: