ԵՄ  արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այս շաբաթ Բրյուսելում ԵՄ 28 երկրների արտգործնախարարների նիստ է հրավիրում՝ նվիրված Ուկրաինայի, Իրաքի եւ Գազայի հատվածի իրավիճակին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտության ղղեկավարի ներկայացուցիչ Սեբաստյան Բրաբանին:

«Բարձր ներկայացուցիչը պատրաստ է հանդիպում անցկացնել արդեն այս շաբաթ: Այժմ մենք պարզում ենք՝ պատրաստ են դրան արդյոք ԵՄ երկրները», - ասել է նա:

Ավելի վաղ «Ռեյթեր» գործակալությունը, վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության իր սեփական աղբյուրը, հայտնել էր, որ նախարարական արտակարգ հանդիպում անցկացնելու օգտին արդեն արտահայտվել է Ֆրանսիան, ինչպես նաեւ ԵՄ-ում նախագահող Իտալիան: