Ռուսաստանը հաղթեց ԱՄՆ-ին շախմատային խաղում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը:

Նրա խոսքով՝ Սոչիի հանդիպումը, որտեղ հրավիրված չէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Կրեմլի պատասխան քայլն էր Սպիտակ տան սադրանքներին: «Պուտինը բացահայտ ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում», - նշեց Ալավերդյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին արված հայտարարությունը չեղարկեց ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը այլեւս սառեցված չէ:

«Սահմանին իրավիճակի սրացման մեջ ԱՄՆ-ի շահը լիովին հասկանալի է: Վաշինգթոնը, ելնելով իր աշխարհաքաղաքական նկրտումներից, ձգտում է Ռուսաստանի շուրջ հրավտանգ շրջանակ ստեղծել: Սակայն այս խաղը Սպիտակ տունը պարտվեց», - նշեց նախկին օմբուդսմենը՝ նշելով, որ հանդիպումներից հետո ԵԱՀԿ  Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը «ոգեւորված է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից», ոչ այլ ինչ է, եթե ոչ տանուլ տված ժամանակ դեմքին ուրախ արտահայտության հաղորդում: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում կայացավ Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նախագահները հաստատել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման սկզբունքներին հավատարմությունը