Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օգոստոսի 13-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը:

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակության կազմում էին ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Մարվին Էլիսը, ԱՄՆ ՄԶԳ տնտեսական աճի վարչության փոխտնօրեն Ջեֆ Պարետչյանը եւ նույն վարչության նախագծերի կառավարման մասնագետ Դիանա Ավետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը:

Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակին` տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսության ազատականացման եւ այլ կարեւոր ոլորտներում աշխատելու համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կօգնի բարելավել գործարար միջավայրը Հայաստանում, դարձնել Հայաստանի տնտեսությունն ավելի ուժեղ եւ մրցունակ:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլլիարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության հետ կնքած երկկողմ համաձայնագրերի հիման վրա, եւ հետագա համագործակցության համար առանձնակի շեշտադրել է գործարար միջավայրի բարելավման, ճյուղային զարգացման առաջնայնությունները` մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտներում:

Զբոսաշրջության ոլորտի առնչությամբ Գործակալության կողմից ներկայացվել են Հայաստանի զբոսաշրջային երթուղիների եւ զբոսաշրջային արդյունքի ձեւավորման վերաբերյալ պատկերացումները, ինչպես նաեւ կարեւորվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նախկինում ձեւավորված առաջնայնությունները արդիական են եւ շարունակվելու են, միաժամանակ նոր շեշտադրումներ են ավելանալու, որտեղ նախարարն ընդգծել է բիզնեսի համար հավասար պայմանների ապահովումը, ճյուղային քաղաքականության մեջ հեռանկարային համարվող եւ զարգացման ներուժ ունեցող մի քանի ենթաճյուղերի զարգացումը` ադամանդագործություն, թեթեւ արդյունաբերություն, ոսկու եւ պղնձի մշակում: Միաժամանակ շեշտադրվել է Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման խնդիրը` կարեւորելով գիտություն-տնտեսություն կապի կայացումը: Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է նաեւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու վերաբերյալ պատկերացումները:

Քարեն Հիլլիարդը ողջունել է էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցրած առաջնահերթությունները եւ պատրաստակամություն հայտնել խորացնելու դրանց ուղղությամբ հետագա համագործակցությունը: