Տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող իրական վտանգը բխում է ոչ թե չլուծված ղարաբաղյան հակամարտությունից, այլ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունից: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ այօր Ադրբեջանը ընդարձակել է հակամարտության գոտին եւ այժմ իրավիճակին լարվածություն է հաղորդում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ սահմանին, այլ նաեւ Հայաստանի: «Այսպիսով, Բաքուն, դեռ չլուծած մի հակամարտություն, փորձում է մեկ ուրիշը հրահրել», - ընդգծեց Ալավերդյանը՝ հավելելով, որ հայկական իշխանությունները, օգտագործելով միջազգային ամբիոնները, պետք է միջազգային հանրությանը ցույց տան, որ հենց Ադրբեջանն է սրում Հարավային Կովկասի իրավիճակը:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ադրբեջանական ԶՈՒ-ը հրադադարի ռեժիմը բազմաթիվ անգամներ խախտել է ոչ միայն շփման գծում, այլ նաեւ ակտիվորեն գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանակից գյուղերը: