Բրազիլիայի նախագահ Դիլմա  Ռուսեֆը ավիաաղետում նախագահի ընդդիմադիր թեկնածու Էդուարդո Կամպոսի մահվանից հետո երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Ռուսեֆն իր հայտարարության մեջ նաեւ ցավակցություն է հայտնել ավիաաղետում զոհվածների հարազատներին: Գործող նախագահը երեք օրով հետաձգել է նախընտրական միջոցառումները, հաղորդում է «RIA Novosti»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոցիալիստական կուսակցության 49-ամյա թեկնածուն զոհվել է թեթեւ շարժիչով Cessna 560XL ինքնաթիռի կործանման ժամանակ: Մերնամբուկուի նախկին նահանգապետը ամուսնացած էր, ուներ 5 երեխա:

Բացի Կամպոսից, ինքնաթիռում եւս 6 մարդ է գտնվել, այդ թվում՝ երկու օդաչու, լրագրող, լուսանկարիչ եւ քաղաքական գործչի անձնական վարորդը: Բոլորը զոհվել են:

Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով:

Բրազիլիայում նախագահական ընտրությունները նախատեսվում են հոկտեմբերի 5-ին: Հարցումները ցույց են տվել, որ Կամպոսի համար պատրաստ էին քվեարկել ընտրողների 8%-ը: