Խոսրովի արգելոցում կառուցվում է ոչ թե ռեստորանային համալիր, այլ այցելուների կենտրոն եւ հանգստավայր: Այս մասին հունիսի 15-ին լրագրողներրի հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը: Թեեւ նա նշեց, որ պայմանագրով նախատեսված է այդտեղ կառուցել այցելուների կենտրոն եւ հանգստավայր, սակայն չթաքցրեց իր մտավախությունը, որ հետագայում այդ կառույցը հնարավոր է դառնա ռեստորան:
«Գոյություն ունի բնապահպանական պետական տեսչություն, որը հսկողություն է իրականացնում այդ շինարարական աշխատանքների նկատմամբ, եւ եթե շեղում լինի, ընդհուպ կարող է լուծարվել պայմանագիրը»,-ասաց Աղասյանը:
Վայրի բնության պահպանության հայաստանյան գրասենյակի ղեկավար (WWF) Կարեն Մանվելյանի մտավախությունը եւս նույն է: Նրա համոզմամբ, էկոտուրիզմի զարգացման համար կառուցվող այս շինությունը հնարավոր է հետագայում ռեստորան դառնա արգելոնցում որս անել սիրող մեծահարուստների համար:
Ի դեպ, այն հարցին, թե շինությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանի՞ն, բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածաքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ տեղյակ չէ։
Հանդիպմանը ներկա բնապահպանության նախկին նախարար, էկոլոգ Կարինե Դանիելյանի մտահոգությունն էլ այն է, որ արգելոցի կանաչ տարածքներն ու կենսաբազմազանությունը շինարարական աշխատանքների պատճառով հնարավոր է ոչնչանան:
«Այն տարածքներում, որտեղ սկսվում են շինարարական աշխատանքներ, կանաչ տարածքներն ամբողջությամբ ոչնչնանում են»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ շինարարությունն արդեն իսկ վնաս հասցրած կլինի տարածքի կենսաբազմազանությանը:
Բնապահպանը նախարարության ներկայացուցչին առաջարկեց, որ բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցությամբ խմբեր ստեղծել եւ պարբերաբար վերահսկողություն իրականացնել արգելոցում իրականացնող աշխատանքների նկատմամբ:
Նշենք, որ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հայտարարություն էր տարածել, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեստորանաշինարարությունը:
Հիշեցնենք, նաեւ որ 2009 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը, ուր անմիջապես հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն սկսվեց:


























