Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մորը կատարվածի մասին ասել են երեկ՝ օգոստոսի 13-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
«Հոգեպես ահավոր ընկճված են, ամբողջ օրը լացում են, ասում են՝ գոնե դիակը տան: Կարենի քույրն ու եղբայրն էլ արդեն Ռուսաստանից եկել են, երեկ էլ մորն ասացինք, որ տղան չկա: Այլեւս չէինք կարող թաքցնել»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ հայկական կողմը բանակցություններ է վարում դին հանձնելու վերաբերյալ, սակայն որեւէ նորություն դեռ չկա:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:





























