Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացումը բխում էր Արեւմուտքի, եւ առաջին հերթին, ԱՄՆ-ի շահերից՝ Ռուսաստանին Ուկրաինայից շեղելու նպատակով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը՝ միաժամանակ հավելելով, որ չի կարելի պնդել, որ հենց նրանցն է նախաձեռնությունը, սակայն սրացումը օբյեկտիվորեն ձեռնտու էր հենց Արեւմուտքին:
Եթե դա օբյեկտիվորեն ձեռնտու էր Արեւմեւտքին, շարունակեց փորձագետը, նշանակում է, այն լիովին կարող էր նպաստել սրացմանը: «Ռուսաստանը ոչ մի կապ չունի իրավիճակի սրացման գործում: Ռուսաստանը այն սպառազինությունը չի մատակարարել, որոնք օգտագործվել են հակամարտող կողմերի միջեւ այս վերջին իրադարձությունների ժամանակ: Կցանկանայի նշել, որ երկու կողմերից էլ օգտագործվել են խոշոր տրամագծի գնդացիրներ», - ընդգծեց Եվսեեւը:
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, այս վերջին գործողություններով հույս ուներ վախեցնել Ռուսատանին: «Ադրբեջանի գործողություններն ուղղված էին Ռուսաստանի արձագանքի ստուգմանը: Նրանք հույս ունեին, որ ԱՄՆ-ը աչք կփակի այս ամենին, սակայն դա չաշխատեց», - նշեց Վլադիմիր Եվսեեւը. ԱՄՆ-ը այս տարածաշրջանում արտաքին խաղացող է, իսկ Ռուսաստանը՝ տարածաշրջանային:




























