Միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի նկարազարդումներով Զեյթունի հանրահայտ Ավետարանը, որ ստեղծվել է 1256 թվականին, ներկայումս պահվում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դրա առաջին յոթ էջերը, սակայն, գտնվում են Լոս Անջելեսի «Փոլ Գետտի» թագարանում եւ 1994 թվականից հանդիսանում են նույն այդ թանգարանի սեփականությունը. Glendale News-Press-ի տեղեկացմամբ Ավետարանի պոկված էջերը թանգարանը ձեռք է բերել մասնավոր հավաքածուից։

Ըստ «Asbarez» թերթի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմը, որին մի ժամանակ պատկանել է Զեյթունի Ավետարանը, դատական հայց է ներկայացրել «Փոլ Գետտի» թանգարանի դեմ` պահանջելով հետ վերադարձնել ձեռագրի առաջին յոթ էջերը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ ձեռագրապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը, Ավետարանի էջերը պոկվել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ են հասել Հայոց ցեղասպանության տարիներին։ «Ձեռագրի էջերը պոկվել են Եղեռնի տարիներին, իսկ ընդհանրապես, Ավետարանը Մատենադարանում պահպանվում է 1969 թվականից»,- տեղեկացրեց ավագ ձեռագրապահը՝ ավելացնելով, որ Լոս Անջելեսի «Փոլ Գետտի» թանգարանը, ի պատասխան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմի պահանջի՝ ետ վերադարձնել ձեռագրի առաջին յոթ էջերը,  պնդում է, որ թանկարժեք նմուշը ձեռք է բերել անհատ կոլեկցիոներից եւ պարտավոր չէ այն ինչ-որ մեկին զիջել։

Ամփոփելով՝ Գեւորգ Տեր-Վարդանյանը, թեպետ դժվարացավ ասել, թե որքան երկար կարող է ձգվել դատական գործընթացը, սակայն հույս հայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցն, այնուամենայնիվ, կբավարարվի։