Լեռնային Ղարաբաղի հետ կապված ճգնաժամի խորանալու դեպքում Ռուսաստանը անմասն չէր լինի իրադարձությունների զարգացումից: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը
Եվսեեւի խոսքով՝ եթե որեւէ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել իր դաշնակիցներին նույնիսկ այն ժամանակ, երբ ներքաշված է ուկրաինական ճգնաժամի մեջ, ապա քաղաքական առումով կարճատես է եւ չի կարող ադեկվատ կերպով գնահատել իրավիճակը: «Կարծում եմ, որ Սոչիում նախագահների հանդիպումը կարողացավ կոտրել իրավիճակը եւմոտակա ժամանակներս սահմանին լուրջ բախումներ չեն լինի», - ընդգծեց Եվսեեւը: Եթե առավել օբյեկտիվորեն խոսենք, ապա այժմ բոլորն են շահագրգռված ստատուս-քվոյի պահպանմամբ, քանի որ վերջինիս ցանկացած փոփոխություն կարող է ծանր հետեւանքների հանգեցնել: «Բացի այդ ստատուս-քվոյի պահպանությունը, ամենայն հավանականությամբ, որոշակի հեռանկարում իրադարձությունների զարգացման օպտիմալ տարբերակ է: Ես անձնապես ենթադրում եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղում. համագործակցությունը կարող է տարբեր կերպ զարգանալ: Հավանաբար ռուս քաղաքական կուսակցությունները նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում», - նշեց Վլադիմիր Եվսեեւը:
Այժմ, նրա խոսքով ԼՂՀ-ում որոշակի տնտեսական աճ է նկատվում. օգտակար հանածոների հանույթի եւ վերամշակման, էներգետիկայի զարգացման ոլորտներում կարելի է խոսել որոշակի առաջընթացի մասին: Մոսկվան պետք է ավելի ակտիվորեն օգնի այդ հանրապետությանը, այն իրականում Ռուսաստանին օտար չէ», - եզրափակեց ռազմական փորձագետը:





























