Internatinal Alert բրիտանական կազմակերպության (ՄԱԿ-ին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական խաղաղապահական միջազգային կազմակերպություն է) «Եվրասիայի վերաբերյալ ծրագրի» նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան հայտարարել է, թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ առկա ատելության եւ անվստահության մթնոլորտը հնարավոր է հաղթահարել մոտ ժամանակում: «Ես չեմ կասկածում, որ դա տեղի կունենա, բարդ կլինի, բայց դա „գերբնական աշխատանք“ չէ»- ասել է Ռուսանովան եւ հավելել, որ այլ տարածաշրջանների պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է՝ անգամ Կովկասյան յուրահատկությունը հաշվի առնելու դեպքում: Փորձագետը միաժամանակ նշել է, որ թեեւ Հայաստանում ատելության պաշտոնական քարոզչություն չի անցկացվում, սակայն «այստեղ էլ երբեմն արհեստականորեն թշնամու կերպար է ստեղծվում»:
Նա նշել է, որ եթե խոսքը վերաբերում է ժողովրդին ընդհանուր առմամբ, թե ադրբեջանցիները, թե հայերը երբեմն ագրեսիա են դրսեւորում, սակայն երբ խոսքը կոնկրետ մարդկանց է վերաբերում, նրանք միայն իրենց շփման հաճելի պահերն են հիշում: Ի դեպ, հուլիսի վերջին Մոսկվայում կանցկացվի Internatinal Alert-ի կազմակերպած չորրորդ համաժողովը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակը երկու ժողովրդի միջեւ դրական միջավայր եւ վստահություն ստեղծելն է:



















