Ինչպես էստրադայում, ցածրորակության որոշակի միտումներ նկատելի են նաեւ դասական մշակույթի ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց դասական երգչուհի Աննա Մայիլյանը։
Մայիլյանի խոսքով, դասական մշակույթի ոլորտը շարունակում է մնալ քառակուսու եւ հին մտածելակերպի մեջ։
«Այսօր զարգանալու, ինտելեկտի հարց կա, եթե ինտելեկտը ցածր է, ապա երաժշտական բոլոր ասպարեզները պետք է ցածրանան, դա վերաբերում է նաեւ դասական երաժշտությանը»,-ասում է Մայիլյանը։
Իսկ էստրադային երգչուհի Էմմա Պետրոսյանը, էստրադայի ցածրորակության պատճառը համարում է ձայնագրման ստուդիաների շատացումը։ Երկու երգչուհիներն էլ կարծում են, որ այդ շարունակական ցածրորակության գործում մեծ դեր ունի նաեւ պետական հովանավորությունը։
«Ես համաձայն եմ, որ հավանավորվում է պետության կողմից, եթե չհովանավորվեր, որտեղի՞ց պետք է ծլեր-ծաղկեր ու բարձրանա մեր գլխին այս ամենը»,- ասում է Պետրոսյանը։
Աննա Մայիլյանը կարծում է, որ. «Մեր մշակույթի մեծ մասը մենք կորցրել ենք եւ, եթե շարունակենք կորցնել, սա կործանման կտանի մեր ազգը»։
Չնայած այս ամենին՝ Մայիլյանն ասում է, որ այսօր տաղանդավոր շատ կատարողներ կան։



















