NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «New Eastern Europe» ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակն օտարերկրացի թղթակից Ստեֆանի Գլինսկին է:
Հարավային Կովկասը վերջին ժամանակներում կտրուկ փոփոխությունների է ենթարկվել կրակոցների, թվիթերյան պատերազմների եւ հաջորդած խաղաղ բանակցությունների ֆոնին: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունը սրվեց վերջին շաբաթների ընթացքում, այն ժամանակ, երբ երկու կողմերի զոհերի թիվը երկու տասնամյակի ընթացքում վատագույն մարտերի հետեւանքով աճեց: Երկու կողմն էլ այժմ համաձայնել են հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ «փոխզիջման» շուրջ:
Փակուղու բնույթ ունեցող իրավիճակը երբեք սառեցված չի եղել, պարբերաբար շփման գծում երկու կողմից կրակոցներ լինում են: Վերջին շաբաթների ընթացքում զոհերի թիվն աճել է, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, սակայն հայ-ադրբեջանական սահմանին մոտ բնակվող ընտանիքները դեռեւս իրենց տներում են: «Հայ եւ արցախցի քաղաքացիները, ովքեր բնակվում են այդ շրջանում, դիպուկահարների թիրախի են վերածվում, ինչն անհանգստացնում է»,- նշել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դադարել, կողմերը միմյանց նկատմամբ թշնամական են տրամադրված, հատկապես վերջին տարիներին: «Վերջին երկու տարվա ընթացքում պարբերական բախումներ ու մարտական գործողություններ են եղել»,- հաղորդել է Միջազգային ճգնաժամային խումբը: ԵԱՀԿ-ն այժմ կենտրոնանում է վստահության ամրապնդման, այդ թվում՝ դիպուկահարներին հեռացնելու եւ միջադեպերի հետաքննության անհրաժեշտության ուղղությամբ՝ հույս ունենալով, որ Սոչիում արված հայտարարությունները կոնկրետ գործողությունների կվերածվեն եւ վերջնական արդյունքում կկանխեն մարդկային կորուստները:




























