Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանը զարմանում է, թե ինչու են իր անունը կապում Վանաձորի քիմիական գործարանի հետ: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Մովսիսյանը հրաժարվեց խոսել այդ թեմայով:
«Ժամանակը գա, բոլորդ էլ կիմանաք, բայց ես այդ գործարանի հետ ոչ մի կապ չունեմ: Նախարար էլ չեմ, մեկ է՝ շարունակում են անունս կապել քիմգործարանի հետ: Ժամանակին, երբ նախարար էի, իմ լիազորությունների շրջանակում զբաղվում էի այդ խնդրով, բայց հիմա արդեն չէ: Գնացի էլ, չպրծա այդ խոսակցություններից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե քիմգործարանի աշխատողները պնդում են, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրերս իրենց ներկայությամբ զանգահարել է Արմեն Մովսիսյանին, վերջինս չցանկացավ այլեւս խոսել եւ անջատեց հեռախոսը:
Նշենք, որ Վանաձոր կատարած այցի ժամանակ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր, որ գործարանի սեփականատիրոջ մասին տեղեկություններ չկան, իր տվյալներով՝ գործերով զբաղվում է Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներն արդեն 1 տարի է՝ աշխատավարձ չեն ստանում:





























