Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային համակարգող խորհրդի գրասենյակը որոշել է աջակցել Ֆրանսիայի քրդերի եւ Ֆրանսիայի եզդիների ասոցիացիաներին՝ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման հանցագործությունների դեմ պայքարում: «Nouvelles d'Arménie» պարբերականի փոխանցմամբ, բողոքի ակցիան անցկացվելու է օգոստոսի 16-ին, Փարիզի Արեւելյան կայարանի դիմաց:

Մոսուլում, Շանգալում, Մահմուրում եւ այլուր «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականները հրեշավոր հանցագործություն են կատարել տեղի բնակչության հանդեպ, հատկապես՝ ոչ մահմեդականների, օրինակ՝ քրիստոնյաների եւ եզդիների:

Զինյալները սպանում են նրանց, ովքեր չեն ցանկանում մահմեդականություն ընդունել, բռնաբարում են կանանց, առեւանգում եւ ստրկության են վաճառում: Եզդիներն ավելի քիչ հնարավորություն ունեն, քանի որ ջիհադականները նույնիսկ չեն մտածում նրանց մահմեդական դարձնելու մասին: