Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով օգոստոսի 13-ին մահացած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանն ապագա լրագրող էր:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Մերին ծնվել եւ մեծացել էր Մերձմոսկվայում, ուսանող էր, սովորում էր լրագրության ֆակուլտետում, իսկ դեպքի օրն էլ աշխատանքի գնալիս է եղել:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատնից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք մշտապես կապ են պահպանում Մերի Քոչարյանի ընտանիքի հետ, իսկ հիվանդանոցի աշխատակազմն էլ ամեն ինչ արել է՝ նրա կյանքը փրկելու համար:

«Մերին ծանր վնասվածքներ ուներ, բժիշկնեին չհաջողվեց նրա կյանքը փրկել: Աղջկա դին հիվանդանոցից հանձնելու են հարազատներին: Մենք բոլորս շատ ենք ցավում կատարվածի համար»,- հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Մերի Քոչարյանն ուներ ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք: 2 շաբաթից ավելի Մերիին արհեստական ապարատ էր միացված:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:35-ին Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սլավոնական բուլվար» եւ «Հաղթանակի զբոսայգի» կայանների միջեւ ռելսերից դուրս են եկել երկու գլխավոր վագոններ եւ մխրճվել թունելի պատի մեջ: Գնացքի կործանման արդյունքում 23 մարդ է զոհվել, 217-ը տուժել է, 150-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: