«Malaysia Airlines»-ի անձնակազմի անդամներից մեկը մեղադրվում է «անհարիր սեռական վարքագծի» համար մի ուղեւորուհու հանդեպ, ով Հնդկական օվկիանոսում եւ Ուկրաինայում երկու ավիավթարներից հետո շատ է վախեցել թռչել այդ ընկերության հետ:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, Կուալա-Լումպուր-Փարիզ չվերթն իրականացնող ինքնաթիռում: Թռիչքից առաջ ուղեւորների մեկը՝ Ավստրալիայի քաղաքացուհի, նախազգուշացրել է ուղեկցորդներին, որ վախենում է թռչել, քանի որ վերջին շրջանում ավիաընկերության երկու ինքնաթիռ վթարի է ենթարկվել. մեկը՝ Հնդկական օվկիանոսում, մյուսը՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Կնոջ խոսքով՝ ավագ ուղեկցորդը հանգստացնելու պատրվակով նստել է իր կողքին ու սկսել անհանգստացնել:
«RT»-ն, վկայակոչելով «The Local»-ին, գրում է, որ Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում վայրէջքից հետո կինը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին: Կասկածյալին ձերբակալել են:





























