Մանչեսթերից կույր ավտոմրցարշավորդ Մայք Նյումանը նոր ռեկորդ է գրանցել. «Nissan GT-R» մեքենայի ղեկին նա մինչեւ 323 կմ/ժ արագություն է զարգացրել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Worldcarfans»-ին:
52-ամյա գործարարի նախորդ ձեռքբերումը գրանցվել է անցյալ տարվա հոկտեմբերին. նա «Porsche 911»-ով Լեսթերշիրում մինչեւ 299 կմ/ժ արագություն է զարգացրել: Այժմ Հյուսիսային Յորքշիրի Էվինգթոն օդանավակայանի թռիչքուղում նա մինչեւ 323.2 կմ/ժ արագություն է զարգացրել: Նշվում է, որ «Nissan GT-R»-ի շարժիչը պատրաստել են հատուկ պատվերով, իսկ հզորությունը կազմում է 1200 ձիաուժ:
Վարելու ընթացքում Նյումանը մեքենայի սրահում միայնակ է եղել, խորթ հայրն ավտոմեքենայի աուդիոսարքի օգնությամբ նրան հրահանգներ է տվել: Չնայած ուժեղ անձրեւին ու քամուն՝ կույր վարորդը միջինը 323.2 կմ/ժ արագությամբ չորս արշավ է կատարել երկու հակադարձ ուղղությամբ:





























