Հայաստանցի ապօրինի ներգաղթյալներին աջակցության ծրագիրը, ովքեր Հայրենիք են վերադարձել Նիդեռլանդներից, կարող է սկսվել սեպտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի կեսերին Հայաստան կժամանի նիդեռլանդական պատվիրակություն, որի հետ կքննարկվեն ծրագրի մանրամասներն ու կհամաձայնեցվի մեկնարկը:
Նա հավելեց, որ ծրագրի մասնակիցները կարող են ընտրվել երկու տարբերակով. կա՛մ նրանց կընտրի Նիդեռլանդները՝ որպես դոնոր, կա՛մ Հայաստան վերադարձած ապօրինի ներգաղթյալներն իրենք կդիմեն Միգրացիոն ծառայություն եւ կընդգկվեն ցուցակում՝ նիդեռլանդական կողմի հետ համաձայնեցնելով: Հայտնվելով ցուցակում՝ նրանք կարող են մինչեւ 1000 եվրո աջակցություն ակնկալել Հայաստան վերադարձի համար (աշխատանքի ընդունվելու, մասնագիտական դասընթացների, ժամանակավոր բնակության վայր գտնելու համար եւ այլն):
Առաջին փուլում ֆինանսավորումը նախատեսված է 100 հոգու համար, բայց հնարավոր է, որ ծրագրի բյուջեն ավելանա կամ երկարաձգվի:
Նիդեռլանդներից Հայաստան վերադարձող ապօրինի ներգաղթյալների աջակցության մասին երկկողմ համաձայնությունը հայկական կողմը հաստատել է հուլիսին: Աջակցության համար կարող են դիմել նրանք, ովքեր վերջին կես տարում հարկադրաբար արտաքսվել են Նիդեռլանդներից կամ կամավոր համաձայնել են վերադառնալ: Այս փուլում օգնությունը նախատեսված է նրանց համար, ովքեր կդիմեն մինչեւ 2014 թվականի ավարտը:





























