Չինաստանում ռեստորան է բացվել, որտեղ այցելուներին սպասարկում են ռոբոտները: Այնտեղ աշխատում են մեկ տասնյակից ավելի մեխանիկական մատուցողներ: Ավելին, այստեղ ուտելիքը նույնպես ռոբոտներն են պատրաստում: Ռեստորանը բացվել է անցյալ շաբաթ, Կունշան քաղաքում:

Հաստատության սեփականատեր Սոն Յուգանը պատմել է, թե ինչպես է ծնվել ռեստորանի գաղափարը. «Աղջիկս չի սիրում տնային գործերով զբաղվել, ուստի խնդրեց ինձ ռոբոտ ստեղծել»: Պարզվել է, որ ռոբոտները կարող են տարբեր գործողություններ կատարել: Դրանցից երկուսը դիմավորում են այցելուներին մուտքի մոտ, իսկ մյուս չորսն ուտելիքով սայլակներն են մոտեցնում այցելուների սեղաններին: Նրանք շարժվում են նախօրոք ծրագրված ուղղություններով, խնդրում են զիջել, եթե հանկարծ այցելուները հայտնվում են նրանց ճանապարհին: Խոհանոցում երեք մեխանիկական խոհարար է աշխատում: Նրանցից երկուսը կապույտ ռոբոտներ են՝ կարմիր աչքերով, որոնք տապակում են, մեկն էլ հաց է թխում: Այս մասին գրում է «NewsAsia»-ն:

Հաստատության տիրոջ խոսքով՝ ռոբոտները մինչեւ 40 պարզ նախադասություն են հասկանում: «Նրանք հանգստյան օր չեն խնդրում, չեն հիվանդանում, լիցքավորվում են ընդամենը երկու ժամվա ընթացքում, որից հետո հինգ ժամ աշխատում են»,- նշել է նա: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռոբոտներից յուրաքանչյուրը շուրջ 40 հազար յուան արժե (ավելի քան 6000 դոլար): Սա համադրելի է կենդանի մատուցողի տարեկան աշխատավարձին: