Ուղեւորատար ինքնաթիռի օդաչուն կարողացել է մեկ ձեռքով վայրէջք կատարել այն բանից հետո, երբ կորցրել է ձեռքի պրոթեզը: Օդանավը, որի վրա 47 ուղեւոր է գտնվել, ապահով վայրէջք է կատարել իռլանդական Բելֆասթ քաղաքի օդանավակայանում: Այն թռիչք էր իրականացնում Բիրմինգեմից:

Ըստ «Daily Record»-ի, օդաչուի արհեստական ձեռքն ամրացված է եղել ղեկին: Այն վայրէջքից մի քանի վայրկյան առաջ անջատվել է: Սակայն օդաչուն արագ կողմնորոշվել է. նա ղեկավարումը չի թողել երկրորդ օդաչուին, այլ պարզապես հեռացրել է պրոթեզն ու վայրէջքն ավարտին հասցրել:

46-ամյա օդաչուն մեկ ձեռքով է օդանավի վայրէջքը կատարել, ընդ որում՝ վատ տեսանելիության եւ ուժեղ քամու պայմաններում: Վայրէջքը բավական կոպիտ է իրականացվել. օդանավը, դիպչելով թռիչքուղուն, նախ վեր է ցատկել, ապա վերջնականապես իջել: Բարեբախտաբար, ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:

«FedPost.ru»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել դեռեւս փետրվարին, եւ հատուկ գերատեսչությունը սկսել է հետաքննել այն: Եվ ահա վերջապես արդյունքները հրապարակել են: Կանոնադրության համաձայն՝ օդաչուն պետք է կառավարումը հանձներ գործընկերոջը եւ նրան համապատասխան հրահանգներ տար: Սակայն օդաչուները դրա համար պարզապես ժամանակ չեն ունեցել, երբ օդանավը թռիչքուղի է մտել: Հրամանատարը որոշել է ինքնուրույն վայրէջքն ավարտին հասցնել:

Ինչ վերաբերում է օդանավի հրամանատարին. նա խոստացել է հետագայում թռիչքից առաջ մանրամասն ստուգել պրոթեզը: Նրան հարկավոր է նաեւ հիշեցնել իր գործընկերներին նման արտակարգ դեպքի վտանգի մասին, որպեսզի նրանք միշտ պատրաստ լինեն կառավարումն իրենց վրա վերցնել: