Հայ ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում է  դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ, Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկող նիստին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում, հազիվ այստեղ եմ հասել: Ես վստահում եմ իմ փաստաբաններին եւ կարծում եմ, որ նրանք առանց ինձ գլուխ կհանեն», - ասել է Հայրապետյանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իր հերթին, մեղադրյալի պաշտպան Գենրի Ռեզնիկը նշել է, որ Հայրապետյանի հիվանդությունը, գերբարձր էմոցիոնալ ծանրաբեռնվածության պայմաններում կարող է նոր նոպա հրահրել կամ ավելի ծանր հետեւանքներ ունենալ:

Սակայն դատարանը վճռել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի միջնորդությամբ Հայրապետյանին կալանավորել է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել տվյալ որոշման հետ եւ բողոքարկել է այն Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ  ատյանում: